ՀԱՄԱՍ-ի զինյալները զանգվածաբար հանձնվում են. Իսրայելի ՊՆ
Համաշխարհային ՄամուլԻսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է արմատական ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների զանգվածային հանձնման մասին, երբ իսրայելական բանակը մաքրում է Գազայի հատվածի ծայրահեղականների կողմից վերահսկվող տարածքները։
«ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները զանգվածաբար հանձնվում են, ներառյալ նրանք, ովքեր մասնակցել են հոկտեմբերի 7-ի հարձակումներին, մինչդեռ իսրայելական ուժերը սեղմում են իսլամիստների վերջին հենակետերը Գազայի հատվածում՝ Ջաբալիայում և Շեջայայում»,-նախարարի խոսքերը մեջբերում է Yedioth Ahronoth լրատվականը:
«Ռադիկալները մոտ են ոչնչացմանը։ Դուրս գալով բունկերից՝ նրանք խոստովանում են, որ զենքի և սննդի պակաս ունեն», - ասել է Գալանտը։
Ավելի վաղ ռազմական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում գործողության ընթացքում սպանել են ՀԱՄԱՍ-ի հետ կապված զինված կազմավորումների «հազարավոր զինյալների և հարյուրավոր հրամանատարների»։ Ըստ Գալանտի՝ Գազայի հատվածում ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ ենթակառուցվածքներ՝ «թունելներ, ռազմական ենթակառուցվածքներ, զինամթերքի պահեստներ»: Բացի այդ, զինվորականները հարյուրավոր համակարգիչներ են ձեռք բերել, որոնցից հետախուզական տվյալներ են հանել։