ՌԴ–ում միգրանտների թեման շարունակում է արդիական մնալ․ Պեսկովը հայտնել է սպասվող փոփոխությունների մասին
ԱշխարհՌուսաստանում միգրացիոն հարցերով գործող համակարգը կբարելավվի, սակայն դեռ չի որոշվել, թե երբ կարող է հայտնվել այս ոլորտում հատուկ մարմին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ի թղթակիցը։
«Ոչ, դեռ չկա [ըմբռնում]», - պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե երբ կարող է ստեղծվել միգրացիոն հարցերով զբաղվող հատուկ կառույց։
Նա հավելել է, որ «միգրանտների թեման իսկապես բավականին արդիական է»։ «Գոյություն ունի որոշակի համակարգ, սակայն դրա մշտական կատարելագործումն անհրաժեշտ է, ինչը կարվի, այդ թվում՝ հետևելով [նախագահի] ուղիղ գծի արդյունքներին», - ասել է Պեսկովը։
Դեկտեմբերի 14-ին ուղիղ գծի ժամանակ Պուտինը ասել էր, որ Ռուսաստանին անհրաժեշտ է հատուկ մարմին, որը կզբաղվի միգրացիոն հարցերով։ Նա կոչ էր արել աշխատել այն պետությունների իշխանությունների հետ, որտեղից գալիս են միգրանտները և ստեղծել «նորմալ մարդկային պայմաններ» Ռուսաստան ժամանող աշխատողների համար։