Այսուհետ 10% հետվճարի ծրագրից կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկից են ստանում գումարը
ՏնտեսությունՀայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն՝ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրից կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը, որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 28-ի նիստի ժամանակ։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանել է, որ նախկինում հետվճարը ձևավորվում էր 5% բանկի և 5% պետության մասնակցությամբ. այսուհետ ամբողջ 10% հետվճարը կտրամադրի պետությունը։
«Այսպիսով, եթե կենսաթոշակառու կամ նպաստառու եք և Հայաստանի տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարեք անկանխիկ գործարքներ, ապա կստանաք հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը»,- նշել է նախարարը։