Ճապոնիայում մի քանի հզոր երկրաշարժ է գրանցվել
Համաշխարհային ՄամուլԿենտրոնական Ճապոնիայում տեղի է ունեցել մի քանի հզոր երկրաշարժ, որոնցից ամենաուժեղը` 7,6 բալ ուժգնությամբ։ Երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի վտանգ։ Ազգային օդերևութաբանական վարչության կանխատեսումների համաձայն՝ որոշ շրջաններում ցունամիի ալիքների բարձրությունը հասնում է 5 մ-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Առնվազն հինգ հզոր երկրաշարժ՝ տարբեր մագնիտուդով, ցնցել են գլխավոր ճապոնական Հոնսյու կղզին։ Ցնցումները զգացվել են նույնիսկ Տոկիոյում: Տեղի բնակիչներին կոչ է արվել անհապաղ լքել ափամերձ տարածքը կամ բարձրանալ շենքերի տանիքներ։ Ճապոնական հանրային հեռուստատեսության հաղորդավարը ուղիղ եթերում կոչ է արել ափամերձ բնակիչներին հիշել 2011 թվականի երկրաշարժն ու ցունամին և անհապաղ փախչել:
Աղետի հետ կապված՝ վարչապետ Ֆումիո Կիսիդայի գրասենյակում սկսել է գործել ճգնաժամային շտաբ՝ տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար։ «Բոլոր համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին հրահանգ եմ տվել անել ամեն ինչ՝ մարդկանց կյանքը պաշտպանելու և երկրաշարժերի հետևանքները վերացնելու համար»,- ընդգծել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը։
Միևնույն ժամանակ, զոհերի մասին առաջին հաղորդագրություններն են սկսել հայտնվել՝ Ֆուկուի պրեֆեկտուրայի երկու տարեց բնակիչ հոսպիտալացվել է կապտուկներով։ Ընդգծվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։