Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ պատրաստ է ոչնչացնել Վաշինգտոնն ու Սեուլը
Համաշխարհային ՄամուլՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը, «առանց փոքր-ինչ վարանելու, ջախջախիչ հարված կհասցնի և կոչնչացնի թշնամու մայրաքաղաքները»` օգտագործելով իր ողջ զինանոցը, եթե ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ընտրեն ԿԺԴՀ-ի դեմ ռազմական առճակատման ուղին։ Ինչպես հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը, նա համապատասխան հայտարարություն է արել Կորեայի ժողովրդական բանակի հրամանատարների հետ ամանորյա հանդիպման ժամանակ։
«Կիմ Չեն Ընն ասաց, որ մեր հեղափոխության անողոք առաջընթացի հետ մեկտեղ` ավելի կուժեղանան Միացյալ Նահանգների մահացող մեքենայությունները և «Կորեայի Հանրապետության» տարրերը, որոնք փորձում են արգելափակել այն՝ ընդգծելով, որ մեր բանակը պետք է անխնա խափանի սադրանքները։ Եվ եթե հակառակորդները ընտրեն հակահանրապետական ռազմական առճակատում, մենք պետք է առանց փոքր-ինչ վարանելու՝ ջախջախիչ հարված հասցնենք և ամբողջովին ոչնչացնենք թշնամու մայրաքաղաքները և ռազմական գանգստերների ոհմակը՝ օգտագործելով գերհզոր միջոցների ողջ զինանոցը, - ասվում է հաղորդագրության մեջ։
ԿԺԴՀ-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ 2024 թվականը կլինի «պատերազմի նախապատրաստության ուժեղացման գագաթնակետը»։
«Կիմ Չեն Ընը ևս մեկ անգամ մանրամասնորեն վերլուծել է Կորեական թերակղզում վտանգավոր իրավիճակը, որտեղ ժամ առ ժամ իրականություն է դառնում զինված բախման հավանականությունը»,- գրում է KCNA-ն։