Գիտաշխատողների աշխատավարձերը կբարձրանան
Հայաստան«Արդեն երրորդ անգամ անընդմեջ Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացան, ընդ որում, պրոցեսը դեռ չի ավարտվել»,- այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։
Նրա խոսքով, աշխատավարձերը կբարձրացվեն ընդհուպ 300 տոկոսով.
«Հարգարժան դոկտորներն ու գիտությունների թեկնածուներն իրենք պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձերը բարձրացել են ու դեռ բարձրանալու են, որպեսզի ստանան նաև իրենց գիտական աշխատանքի հավելավճարները»,- ասել է նա։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ տեղեկացրել է, որ բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքում փոխվում է գիտական աստիճանաշնորհման մոտեցումը.
«Երկաստիճան համակարգից անցում է կատարվում մեկաստիճանի համակարգի, և այո, ավելի կանոնակարգվում են աստիճանաշնորհման ու դրա հետ կապված բացահայտվող խնդիրներին արձագանքելու հարցերը»,- ասել է նա՝ հավելելով, որ նոր կարգը մշակվել ու շրջանառվում է։