Պուտինը հրամանագիր է ստորագրել օտարերկրացիներին քաղաքացիություն տրամադրելու մասին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ՌԴ քաղաքացիություն է շնորհվում Ռուսաստանի զինված ուժերում ծառայելու պայմանագիր կնքած օտարերկրացիներին։
Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայության պայմանագիր կնքած օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար», - ասվում է հրամանագրում:
Ռուսական անձնագիր կարող են ստանալ նաև այն օտարերկրացիները, ովքեր հատուկ գործողության ընթացքում զինվորական ծառայություն են անցնում զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում բանակից հեռացած զինվորականները։
Փաստաթղթում նշվում է, որ այդպիսի իրավունքներ ունեն նաև օտարերկրյա քաղաքացիություն ունեցող զինվորականների ամուսիններն ու երեխաները։