Ռոն Փոլին մեղադրել են հրեաների դեմ դուրս գալու համար
ԱՄՆ
ԱՄՆ կոնգրեսական Ռոն Փոլը նշել է, որ ինքը հրեաների դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայում իրականացված ցեղասպանությունը կանխելու համար ամերիկյան զորքեր չէր ուղարկի, եթե ինքը լիներ այդ ժամանակվա ԱՄՆ նախագահը։ Նման հրապարակմամբ հանդես է եկել իսրայելական «Yediot Ahronot» թերթը։ Ռոն Փոլը նման հայտարարությամբ հանդես է եկել լրագրող Ջեֆրի Շապիրոյի հետ հարցազրույցի ժամանակ։
Ըստ Շապիրոյի՝ ԱՄՆ կոնգրեսականը նշել է, որ ինքը հանուն այդ նպատակի չէր գնա ամերիկացիների կյանքը ռիսկի տակ դնելու քայլին։
Ինչպես հայտնել է լրագրողը, երբ ինքն այդ հարցազրույցը առաջարկել է ամերիկյան առաջատար լրատվամիջոցներին հրապարակել, նրանց կողմից մերժում է ստացել։
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Ռոն Փոլի դեմ ուղղված տարբեր մեղադրանքները գնալով նոր թափ են հավաքում հունվարի 3–ին Այովա նահանգում կայանալիք հանրապետականների կուսակցական ժողովի նախաշեմին։ Կուսակցական կոկուսի ժամանակ հանրապետականները պետք է ընտրեն այն թեկնածուին, ով պետք է մասնակցի նախագահական ընտրություններին։ Ըստ հարցումների՝ այդ կոկուսի ֆավորիտը համարվում է Ռոն Փոլը, չնայած այն փաստին, որ Փոլը հանրապետական մյուս թեկնածուներ՝ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչին և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոումնիին նախագահական մրցավազքում իր վարկանիշով զգալիորեն զիջում է։
Ըստ Ռոն Փոլի նախկին օգնական՝ Փոուլ Էրիկ Դոնդերոյի, կոնգրեսականն ասել է, որ լավ կլիներ, եթե Իսրայել պետությունը գոյություն չունենար, քանի որ այն աշխարհի համար մեծ խնդիրներ է ստեղծում։ Այս ամենի հետ մեկտեղ կոնգրեսմենի նախկին օգնականը նշել է, որ Փոլը հակասեմիտ չէ։
Ավելի վաղ, կոնգրեսականը հայտարարել էր, որ ինքը Իսրայելին կզրկի ԱՄՆ–ի օգնությունից իր նախագահ ընտրվելու դեպքում։ Ռոն Փոլն իր գաղափարներով հանրապետական մյուս հնարավոր թեկնածուներից տարբերվում է ուրիշ երկրների ներքին գործերին չխառնվելու և Միացյալ նահանգների սահմաններից դուրս գտնվող ԱՄՆ–ի զորքերին հետ կանչելու դիրքորոշումով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)