Հայաստանում կներդրվի հանրապետական շտապօգնության ծառայություն
ՀայաստանՀայաստանում հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումը կամփոփվի 2024 թվականին:
Այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսում՝ անդրադառնալով Շտապօգնության ծառայության աշխատակիցների ցածր աշխատավարձերի վերաբերյալ հարցին:
Նախարարը նշեց, որ շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձերի հետ կապված 2023-ին մինչև 10 տոկոսի բարձրացում են ապահովել: «Սա, իհարկե, բավարար չէ: Աշխատավարձերի վերանայումը մեր ամեն տարվա կարևոր նպատակներից է»,-ասաց նա:
Ավանեսյանը շատ կարևորեց, որ այդ վերանայումը փոխի նաև բովանդակությունը:
«Այս տարի արդեն իսկ մենք կամփոփենք և կավարտենք հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումն ու ներդրումը: Դրա շրջանակներում ամբողջությամբ կվերանայվի նաև շտապօգնության ծառայության բովանդակությունը»,-ասաց նախարարը:
Ներդրված նոր բովանդակության շրջանակներում էլ կվերանայվեն նաև աշխատավարձերը: