Չեխիայում եւ Ֆրանսիայում նշում են Փարաջանովի 100-ամյակը
Գիտություն և Մշակույթ
Աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Չեխիայի Ազգային կինոարխիվը նախաձեռնել է Վարպետի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, հայտնում է orer.eu-ն։
2023 թվականի դեկտեմբերի 2-ից Փարաջանովի հայտնի չորս ֆիլմերը՝ «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը» եւ «Աշուղ Ղարիբը» կցուցադրվեն Պրահայի Պոնրեպո կինոթատրոնում մինչեւ 2024 թվականի փետրվարի 9-ը։
Հունվարի 19-ին, Ֆրանսիայում էլ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ կլինեն։ Դրանցից առաջինը Լիոնից ոչ հեռու գտնվող Դեսինե քաղաքի «Տոբագան» թատրոնում «Նռան գույնը» պարային ներկայացման ցուցադրությունն է։ Այն հայ-ֆրանսիական համատեղ ծրագիր է։ Բեմադրիչը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Սաթե Խաչատրյանն է, գեղարվեստական ղեկավարությունն իրականացնում է «Սատե-Ատգ» թատերական միրությունը, որը գործում է Ֆրանսիայում։ Միաժամանակ նաեւ տեղի կունենա լուսանկարիչ Զավեն Սարգսյանի լուսանկարների ցուցադրությունը, որում ներկայացված են Փարաջանովի լուսանկարները, կոլաժները, «Նռան գույնը» եւ այլ ֆիլմերի համար արված կոստյումտային էսքիզները։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ փետրվարի 4-ը, իսկ պաշտոնական բացումը կլինի հունվարի 19-ին։
Նշենք, որ այս պարային ցուադրությունը այս տարվա մարտի կեսերին կներկայացվի նաեւ Հայաստանում՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru