Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Բաքվից սպառնացել է Հայաստանին
ԹուրքիաԹուրքիայի խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բաքու։ Թուրքական պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է ermenihaber-ը։
Հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները։
Լրագրողների հետ զրույցում Աքարն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։
Աքարը, նշելով, որ Հայաստանը պետք է պահ առաջ սեղմի Ադրբեջանի մեկնած «խաղաղության ձեռքը», ասել է․ «Որոշ երկրներ ինչ-որ կերպ Հայաստանին ցանկանում են պրոքսի-պետության զգեստ հագցնել։ Եթե Հայաստանն այս սխալ ճանապարհը մտնի, ինչպես 44-օրյա պատերազմում, շատ լուրջ վնաս կկրի, գին կվճարի։ Դա չպետք է թույլ տալ։ Մեզ համար առանցքայինը խաղաղությունն է, հանգստությունը և Կովկասի ապագան»։