Ղազախստանում նոր վարչապետ է նշանակվել
Համաշխարհային ՄամուլՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել հանրապետության նոր վարչապետ Օլժաս Բեկտենովին նշանակելու մասին, հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է Sputnik-ը։
Կառավարությունը, որը ղեկավարում էր Ալիխան Սմաիլովը 2022 թվականի հունվարից, հրաժարական տվեց փետրվարի 5-ին։ Միաժամանակ, Տոկաևը նախարարների կաբինետին հանձնարարել է կատարել իր պարտականությունները մինչև նոր կազմի ձևավորումը։
Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, Բեկտենովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջարկել էր իշխող «Ամանաթ» կուսակցությունը, և խորհրդարանի ստորին պալատը համաձայնել էր այդ նշանակմանը։
Բեկտենովը 43 տարեկան է։ 2023 թվականի ապրիլից նա գլխավորում է նախագահի աշխատակազմը։ Նախկինում նա ղեկավարել է կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը, աշխատել արդարադատության նախարարությունում, ֆինանսական ոստիկանությունում, մայրաքաղաքի քաղաքապետարանում։
Նոր վարչապետն արդեն հայտարարել է, որ կառավարության հիմնական խնդիրը լինելու է բիզնեսին աջակցելը։
Նրա խոսքով՝ այժմ Ղազախստանի տնտեսությանը պետք է զարկ տալ, իսկ դա պահանջում է վճռական ու արագ միջոցներ։