Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի
Գիտություն և ՄշակույթՓետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, միաձայն ՀՑԹԻ տնօրեն ընտրվեց պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։
Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա էին Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։ Էդիտա Գզոյանը պատասխանել է նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Քննարկվել են նաև հընթացս հարցեր՝ կապված Հիմնադրամի գործունեության հետ:
Էդիտա Գզոյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ասել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը: