Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով
Գիտություն և ՄշակույթԸնդամենը 3 ամիս առաջ էր, երբ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ հանդիպեցինք նոր ձևավորվող «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի մասնակիցների, ծնողների ու ուսուցիչների հետ և պայմանավորվեցինք բոլորս միահամուռ կերպով նպաստել այս գեղեցիկ նախաձեռնության կյանքի կոչմանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ պատանեկան նվագախումբն արդեն իրողություն է, որի հաջողության գրավականը մեր բոլորիս միասնականությունն ու հաստատակամությունն էր:
Ես վստահ եմ, որ նվագախումբը ոգեշնչվելու և հպարտանալու բազմաթիվ առիթներ է դեռևս ընձեռելու մեզ բոլորիս, և այն վստահաբար փոխելու է երաժշտական կրթության նկատմամբ մեր վերաբերմունքը:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել պատանիներին, նվագախմբի փորձավարներին, ուսուցիչներին, ծնողներին և իհարկե մաեստրո Էդուարդ Թոփչյանին՝ մեր բոլորիս միասնական նպատակը կյանքի կոչելու ու նվիրական աշխատանքի համար»,– գրել է նա:
Երևանի մշակութային կյանքում ունեցած ավանդի, «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման կապակցությամբ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ պարգևատրվել է «Արգիշտի 1-ին» հուշամեդալով։