Ուկրաինան և Ճապոնիան համագործակցության 56 փաստաթուղթ են ստորագրել
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան և Ճապոնիան տնտեսական զարգացման և վերականգնման կոնֆերանսի շրջանակներում ստորագրել են 56 միջկառավարական համաձայնագրեր ու հուշագրեր բիզնեսների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների միջև, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Տոկիոյում տնտեսական զարգացման և վերականգնման կոնֆերանսի շրջանակներում Ուկրաինայի և Ճապոնիայի ներկայացուցիչների կողմից ստորագրվել է 56 փաստաթուղթ: Դրանք ներառում են միջկառավարական համաձայնագրեր ու հուշագրեր բիզնեսների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների միջև»,- գրել է Շմիգալը Telegram-ի ալիքում:
Մասնավորապես, ստորագրվել է կրկնակի հարկումից խուսափելու մասին միջկառավարական կոնվենցիա, ավելի քան մեկ տասնյակ համաձայնագրեր՝ աջակցելու Ուկրաինայի վերակառուցմանը, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարարության և ճապոնական ընկերությունների միջև, որոնք նախատեսում են Ուկրաինային տարբեր գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ տրամադրել։
«Ճապոնիան արդեն իսկ առաջատար է Ուկրաինային ֆինանսական աջակցության հարցում: Այժմ Ճապոնիան պետք է դառնա Ուկրաինայի վերակառուցման և մեր տնտեսության մեջ ներդրումների առաջատարներից մեկը»,- եզրափակել է Շմիգալը: