«Դասարան+Դասական». 70 պատանի անվճար հիմունքներով կմասնակցի ծրագրին
Գիտություն և ՄշակույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մարտի 23-ից ապրիլի 11-ը կիրականացնի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։
Ծրագրին կարող են դիմել ՀՀ դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 14-18 տարեկան պատանիները։ Մրցույթի արդյունքում 70 պատանի հնարավորություն կստանա անվճար հիմունքներով մասնակցելու ծրագրին։
Նշենք, որ ծրագիրը բաղկացած կլինի դասախոսություններից, վարպետաց դասերից, ստեղծագործական աշխատանքից։ Պատանիները կաշխատեն խմբերով՝ ղեկավարների և դասախոսների հետ։ Այս տարի բացի դերասանական (դրամա, պար, մյուզիքլ, մնջախաղ) խմբերից՝ ծրագիրը կունենա ևս մեկ առանձին խումբ, որի մասնակիցները կաշխատեն բեմանկարչության, բեմազգեստի և թատերական երաժշտության ուղղությամբ։ Որպես վերջնարդյունք՝ կպատրաստվի առանձին էտյուդներից բաղկացած բեմադրություն, որը կներկայացվի հանդիսատեսին։
Ծրագիրը միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը, նպաստելու մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը, ապահովելու մշակութային փորձառություն, գիտելիքի և հմտությունների զարգացում։