Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է Հակոբ Հակոբյանի մանրաքանդակներով
Գիտություն և ՄշակույթՀայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններով:
Պատկերասրահից հայտնում են, որ արվեստագետի ընտանիքը թանգարանին է նվիրել աշխատանքային գործիքներով ստեղծված և հայկական կերպարվեստում աննախադեպ երևույթ համարվող հինգ մանրաքանդակ:
Հակոբ Հակոբյանի արվեստի ձևավորման ակունքներում կյանքի անձնական ընկալումներն են: Ստեղծագործական երկար տարիների ընթացքում նկարչին մշտապես հուզել է մարդու թեման, կյանքի տարբեր փուլերում կենցաղային կամ այլաբանական կողմերից նրան ներկայացնելու կերպը: Նա փնտրել է նաև այլ ուղիներ՝ ազատագրվել երկչափ հարթությունից, անշունչը շնչավոր դարձնել:
Հակոբ Հակոբյանը կարողացել է գեղարվեստական միջավայր ներմուծել ուրույն գունամտածողություն, ոճական ու գեղագիտական սկզբունքներ, որոնք ընդունվել և հաստատվել են իբրև այլընտրանքային մտածողության դրսևորում՝ ձևավորելով յուրօրինակ պատկերային մտածողություն: