Օրբանը հանդիպել է Թրամփի հետ Ֆլորիդայի նրա կալվածքում
Համաշխարհային ՄամուլՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքում հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավաշիի խոսքով՝ նրանք մեկ ժամ զրուցել են։
Նրա խոսքով՝ իրենց հետ են եղել իրենց ամենամոտ աշխատակիցները։ Հայտնի է, որ, մասնավորապես, Ֆլորիդա է մեկնել Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն։ «Հանդիպումից հետո ծրագիրը կշարունակվի համատեղ ընթրիքով և համերգով»,- Հավաշիի խոսքերը մեջբերում է MTI լրատվական գործակալությունը։
Խոսնակը չի նշել, թե ինչ թեմաներ են քննարկել Օրբանն ու Թրամփը, սակայն մինչ ԱՄՆ այցը՝ հունգարացի պաշտոնյաները հայտարարել են, որ կվերանայեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և կքննարկեն երկու երկրների հարաբերությունները։
Հունգարիայի կառավարությունը չի թաքցնում, որ ցանկանում է՝ Թրամփը հաղթի նոյեմբերի ընտրություններում և վերադառնա Սպիտակ տուն։ Այն հույսեր է կապում ԱՄՆ նախկին նախագահի հետ ուկրաինական հակամարտությունը լուծելու և երկկողմ հարաբերությունների բարելավման հարցում։