«Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 360-ի
ՌուսաստանՄերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 360-ի։ Այս մասին հայտնում է Աղետների բժշկության կենտրոնը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Չորեքշաբթի առավոտվա դրությամբ ահաբեկչության հետևանքով տուժել է 360 մարդ, այդ թվում՝ 11 երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ 92 տուժած հոսպիտալացվել է, 63 մարդ արդեն դուրս է գրվել, 205 տուժածի ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել։
«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թվի աճը բացատրվում է նրանով, որ շոկի մեջ գտնվող մարդիկ լքել են ահաբեկչության վայրը և անմիջապես օգնություն չեն խնդրել բժիշկներից։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ Նրա խոսքով՝ դրանով է բացատրվում մարդկանց հոսքը բուժհաստատություններ։ Փոխվարչապետը վստահեցրել է, որ բոլոր դիմողներին ցուցաբերվում է բուժօգնություն։