Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում կմասնակցի Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին
Գիտություն և ՄշակույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-5-ը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
Մասնավորապես՝ նախատեսվում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրություն և Փարաջանովի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդեսի բացում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ողջույնի խոսքով:
Այցի շրջանակում նախատեսվում են նաև հանդիպումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ֆրանսիայի կրթության և երիտասարդության նախարարության, առանձին թանգարանների ղեկավար կազմերի ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: