Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով
ՀայաստանՀակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շարունակվել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։
Դատարանի որոշմամբ՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ տնային կալանքի տակ։
Հիշեցնենք՝ Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ։
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։