Ես սյուրռեալիստ չեմ, ես սյուրռեալիզմն եմ
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի ազգային պատկերասրահում արդեն երեքուկես ամիս գործում է «Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են իսպանացի հանճարեղ նկարիչ Սալվադոր Դալիի և այլ եվրոպական հայտնի սյուրռեալիստների աշխատանքները։
Ամենամեծ հավաքածուն Դալիի գրաֆիկական աշխատանքներն են, որոնք ընդգրկում են նկարչի մի քանի հայտնի շարքերն ու շարքերից դուրս որոշ ստեղագործություններ։ Տպավորիչ են հատկապես «Ֆաուստ», «Հիպպի», «Դիցաբանական», «Մաո Ցզե-Դուն», «Դոն Ժուան» շարքերը, որոշ բանաստեղծական շարքերի պատկերազարդումները։ «Դիցաբանական» շարքի օֆորտներն ստեղծելիս Դալին կիրառել է ամենատարբեր միջոցներ՝ ասեղներից ու մեխերից մինչև թթվի մեջ իջեցրած ութոտնուկ։
«Մաո Ցզե-Դուն» շարքի «Մաոյի դիմանկարը» տեսնելով՝ Արժիլեն հարցրել է, թե ինչո՞ւ է Մաոն անգլուխ չինական համազգեստ հիշեցնում, ինչին ի պատասխան Դալին ասել է. «Դե նա այնքան բարձրահասակ է, որ էջում չտեղավորվեց»։
Ցուցահանդեսում ներկայացված են նաև Վասիլի Կանդինսկու, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինիի, Ջորջո դե Կիրիկոյի, ինչպես նաև սյուրռեալիզմի ազդեցությունը կրած որոշ հայ հեղինակների աշխատանքներ։
Ցուցահանդեսը նախատեսված էր փակել հոկտեմբերի տասնհինգին, սակայն հաշվի առնելով այցելուների մեծ հետաքրքրությունը՝ այն կգործի մինչև հինգշաբթի՝ հոկտեմբերի քսանը։ Ցուցասրահի աշխատակիցն ասաց, որ օրական առնվազն երեք-չորս հարյուր այցելու են ունենում։
Սա եզակի հնարավորություն է մեր երկրում վայելելու մեծ արվեստագետների ստեղծագործությունները, այնպես որ խորհուրդ ենք տալիս շտապել, որովհետև տպավորություններն իրոք անպատմելի են։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում