Երևանի ավագանու անդամն ահազանգում է. Ավինյանը ցանկանում է դադարեցնել վերջինիս լիազորությունները
ՏնտեսությունԵրևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը գրում է, որ Տիգրան Ավինյանը ցանկանում է դադարեցնել վերջինիս լիազորությունները որպես ավագանու անդամ։
«Երևանի պատմության ամենաձախողված քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց»,- գրել է Երիցյանը։
Ըստ Երիցյանի՝ սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի։
«Սեպտեմբերի 10-ին ՔՊ-ն պատրաստվում է դադարեցնել ոչ միայն իմ՝ որպես Երևանի ավագանու անդամի, այլև որպես Երևանի ավագանու ընդդիմադիր (մեծությամբ երկրորդ) խմբակցության ղեկավարի լիազորությունները՝ խաթարելով մեր խմբակցության բնականոն աշխատանքը և հերթական անգամ թքելով մեզ ձայն տված տասնյակ հազարավոր երևանցիների վրա»,- գրել է ավագանու անդամը։