Կառավարությանն առաջարկել ենք վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը. Տիգրան Ավինյան
ՔաղաքականԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է քաղաքապետարանի կողմից այս տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքները։
Նա անդրադարձել է նաև փողոցների ասֆալտապատմանն ու անձրևներից հետո առաջացած հեղեղումներին. «Այս տարի աննախադեպ ծավալի՝ փոսերի նորոգման, միջին նորոգման աշխատանքների ենք իրականացրել»։ Ըստ Ավինյանի՝ տարեվերջին ճանապարհային ցանցի վիճակն էականորեն ավելի լավ է լինելու, քան մինչ այդ է եղել։
Խոսելով հեղեղումների մասին, քաղաքապետն ասել է, թե հեղեղատարների շահագործման ու սպասարկման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է, բայց քաղաքապետարանը գույքագրել է հեղեղատարների վիճակը.
«Առաջինը, որ առաջարկել ենք կառավարությանը, պայմանագրի վերանայումն է, ինչը թույլ կտա քաղաքապետարանին, միգուցե՝ նաև ընկերությանը, էական ծավալի ներդրումներ իրականացնել ջրային համակարգերում։ Այս առաջարկը քննարկվում է, և վստահ եմ՝ հենց այս տարի լուծումներ կսկսենք ունենալ»։