Հարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները
ՀայաստանԿորեայի Հանրապետությունը միջոցներ կձեռնարկի ի պատասխան Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության շարունակական սադրիչ գործողությունների, որոնց թվում են աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS ազդանշանների խափանումը։
Ինչպես փոխանցում է Yonhap-ը, այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Չանգ Հո-Չժինը՝ հավելելով, որ կսկսեն այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց դիմանալը Հյուսիսային Կորեայի համար դժվար կլինի:
Ազգային անվտանգության խորհրդի նիստին հաջորդած ճեպազրույցում նա անմիտ ու իռացիոնալ գործողություններ է որակել Հյուսիսային Կորեայի կողմից աղբի փուչիկներ ուղարկելը և GPS ազդանշանների խափանումները՝ համոզմունք հայտնելով, որ այդպիսի բանը ոչ մի պետության մտքով չէր անցնի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կորեայի Հանրապետության կառավարությունից չեն բացառել նաև բարձրախոսներով հեռարձակումների վերսկսումը, որոնք երկրի զինվորականները նախկինում, որպես հոգեբանական ազդեցության միջոց, կիրառում էին Հյուսիսային Կորեայի սահմանամերձ բնակավայրերի բնակչության ու զինուժի դեմ: