ՀՀ-ում կապույտ հազի և կարմրուկի դեպքերի աճ կա քաղաքացիների որոշակի խմբի չպատվաստվելու հետևանքով
ՏեսանյութերՀանրապետությունում մի շարք վարակիչ հիվանդությունների գծով համաճարակային իրավիճակը վերջին երկու շաբաթվա ընթացքում կայուն է, ընդհանուր թվում կա որոշակի նվազման միտում, սակայն մի շարք հիվանդությունների պարագայում կա նաև աճ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կապույտ հազի դեպքերի որոշակի աճ է նկատվում․ այս հիվանդության պարբերական սրացումները դիտվում են 3-5 տարին մեկ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը՝ նշելով, որ 2023-թվականից ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կա կապույտ հազի ցուցանիշների որոշակի ավելացում:
Կանխատեսվում է, որ 2024-ին այս միտումները կպահպանվեն, իսկ 2025-ին՝ կնվազեն: Թվերի բարձրացումը պայմանավորված է տարիների ընթացքում մարդկանց չպատվաստվելու կամ թերի պատվաստվելու հանգամանքով:
Գրիգորյանի խոսքով՝ հիվանդության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներ են: Նա հորդորեց քաղաքացիներին պատվաստվել՝ նշելով, որ Հայաստանում առկա է անվտանգ և շատ արդյունավետ դեղամիջոց: