ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության վարչության ներկայացուցիչներին
ՏնտեսությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Թամար Փոլադիան Պերոնին և վարչության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հանդիպման մեկնարկին հանրապետության նախագահն, ի դեմս կուսակցության ղեկավարության, շնորհակալություն է հայտնել Սփյուռքում հայապահպանության, ազգային ինքնության, կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում Ռամկավար ազատական կուսակցության հետևողական գործունեության համար: Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից հետո կուսակցությունը մշտապես ունեցել է պետականակենտրոն դիրքորոշում և հնարավորինս նպաստել ու աջակցել է մեր պետականության կայացմանն ու ամրապնդմանը:
Ավանդական կուսակցության ղեկավարությունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ քաղաքական կազմակերպությունն իր ողջ հնարավորությունները պատրաստակամորեն ներդրել է Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Հանրապետության նախագահը ՌԱԿ շրջանային վարչության ատենապետին և ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել երկրի ներքին կյանքում և արտաքին ճակատում տիրող իրադրության վերաբերյալ: Այս մասին հայտնում է 168․am-ը։