Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Համաշխարհային ՄամուլՄիացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական Թոմ Մըքքլինթոքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հիշում է Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագությունները՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով ճանաչել Ցեղասպանությունը։
Կոնգրեսականն այդ մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսում անցկացված միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։
«Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը խնդրում ենք նույնն անել։ Իհարկե, երեխաները մեղավոր չեն իրենց ծնողների մեղքերի համար, բայց անցյալի ազնիվ ճանաչումը կարող է մեզ հետ պահել այդ մեղքերը կրկնելուց: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ նրանց դրածոների կատարած վերջին հանցագործություններին և աղոթում ենք, որ դրա համար պատասխանատու մութ ուժերը խորհեն և ապաշխարեն»,- ընդգծել է կոնգրեսականը։