Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը․ Էրդողան
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև հավելել, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա․
«Հույս ունենք, որ այդ գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ, և մենք կլսենք բարի լուրեր»,- ասել է նա։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին նրանք Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հասնելու կարևոր հնարավորություն են ստացել:
էրդողանը խոսել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններից՝ ասելով, թե երկու երկրները նույնպես ջանքեր են գործադրում կարգավորման համար։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Թուրքիայի հիմնական սկզբունքներն են բարեկամության ամրապնդումը, տարաձայնությունների նվազեցումը և խաղաղության ապահովումը, և որ Թուրքիան միջազգային իրավունքի, պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը համարում է պարտադիր պայման: Նրա խոսքով՝ այդ սկզբունքներն առավել քան երբևէ անհրաժեշտ են ժամանակակից աշխարհում։