Իրանի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը համարում է առաջնահերթություն
ՀայաստանՆիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Կազանում տեղի ունեցած հանդիպմանը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից:
«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է , որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար առաջնահերթություններից է»,-նշված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ:
Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խորը հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը: