Ինչո՞ւ էր ՊԵԿ-ը շտապում վերանորոգել Մարգարայի մաքսակետը (տեսանյութ)
ՏեսանյութերՀայաստան և Թուրքիայի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Մարգարայի մաքսակետը գործելու է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Հենց դրա պատճառով էլ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շտապել է կառուցման աշխատանքները սեղմ ժամկետներում իրականացրել։ Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Մենք ստեղծել ենք պայմաններ, որոնք էլ բավարար են իմ նշած կատեգորիայի մարդկանց սպասարկելու համար»,- ասաց նա։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ մաքսակետը կառուցվեց, բայց գործընթացն առաջ չգնաց, Բադասյանն ասաց, որ հարցի հասցեատերն ինքը չէ։ Մարգարայի անցակետի վերազինման համար, ՊԵԿ նախագահի խոսքով` նախնական 800 միլիոն դրամ էր նախատեսված ծախսել, սակայն վերջնական ծախսերը մի փոքր այլ են եղել:
«Կարծեմ՝ վերջնական ծախսերը 1 միլիարդ և մի փոքր ավելի են եղել»,- շեշտեց Բադասյանը։