ԵՄ-ում կքննարկեն Ռուսաստանին հարվածների սահմանափակումների վերացման հարցը․ Բորել
Համաշխարհային ՄամուլԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ ԵՄ արտգործնախարարները և պաշտպանության նախարարները կքննարկեն նոյեմբերի 18-19-ը Ռուսաստանին եվրոպական զենքի հարվածների սահմանափակումների վերացման հարցը։ Նա նշել է, որ վստահ չէ արդյունքի վրա։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, գրում է Newsukraine-ը։
«Այս մասին քննարկում կլինի, և ես հուսով եմ, որ բոլոր նախարարները համաձայնության կգան։ Եթե ոչ, յուրաքանչյուր երկիր կանի այն, ինչ ճիշտ է համարում», - ասել է Բորելը` մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Միացյալ Նահանգները թույլ է տվել իր զենքերով հարվածներ հասցնել ռուսական տարածքի խորքին։
Բորելը նաև ընդգծել է, որ ինքն անձամբ միշտ աջակցել է եվրոպական զենքով նման հարվածներին։