Երևանում տրանսպորտի գների փոփոխությունը կարող է մինչև 0.5 տոկոս գնաճի հանգեցնել. Մարտին Գալստյան
ՏնտեսությունԵրևանում տրանսպորտային ուղևորափոխադրման սակագների փոփոխությունը կարող է մինչև 0.5 տոկոս գնաճի հանգեցնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Մենք ակնկալում ենք, որ մաքսիմալ ազդեցությունը, որ կարող ենք մյուս տարվա ընթացքում տեսնել տրանսպորտի գների փոփոխության հետևանքով, մինչև 0.5 տոկոսն է»,– ասաց ԿԲ նախագահը:
Ինչ վերաբերում է գնաճին ընդհանուր առմամբ, ապա Գալստյանը նշեց, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։
«2024թ. 4-րդ եռամսյակում ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը շարունակել է մոտենալ երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակին»,- ասաց նա։
ԿԲ նախագահը շեշտեց, որ ԿԲ խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 % նպատակի և գների կայունության ապահովման համար։