Ռուսաստանն Ասադին չի արտահանձնի. ՌԴ ԱԳՆ
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի կողմից ապաստան ստացած Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադն ապահով է, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է Kommersant-ը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի կառավարությունը չի նախատեսում արտահանձնել Ասադին, եթե Միջազգային քրեական դատարանը նրա ձերբակալության օրդեր տա, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը չի վավերացրել Հռոմի ստատուտը։
«Նախագահ Ասադը Ռուսաստանում է: Նման իրավիճակում սխալ կլինի իմ կողմից ենթադրություններ անել, թե ինչ է տեղի ունեցել և ինչպես է խնդիրը հանգուցալուծվել։ Բայց նա ապահով է: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես պահանջվում է նման արտառոց իրավիճակներում»,- ասել է Ռյաբկովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը հավելել է, որ Ռուսաստանը հույս ունի՝ Սիրիայում ստեղծված իրավիճակը չի հանգեցնի երկրի մասնատմանը։ Նրա խոսքով՝ Սիրիան «պետք է լինի ինքնիշխան, միասնական և ամբողջական»։