Սիրիայի նոր իշխանությունը Թուրքիայի դիրքորոշմանը համահունչ հայտարարություններ է անում
Մերձավոր ԱրևելքՍիրիայի պաշտպանության նախարարությունը իր առջև խնդիր է դրել ամբողջությամբ վերացնել երկրի արևելյան շրջաններում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» կազմավորումները, հայտարարել է Սիրիայի նոր իշխանության ՊՆ Հասան ալ-Համադը։
«Ազատ Սիրիան անվտանգ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք վերջ չենք դրել նրանց անջատողական ծրագրերին, և դա անխուսափելիորեն տեղի կունենա»,- Թուրքիայի դիրքորոշմանը համահունչ հայտարարություն է հնչեցրել Սիրիայում իշխանությունը վերցրածների ներկայացուցիչը։
Հատկանշական է, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էր հայտարարել, որ պաշտոնական Անկարայի նպատակն է Սիրիայի հյուսիսում գործող «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ոչնչացումը։ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին» Թուրքիայում համարում են իրենց կողմից «ահաբեկչական» հռչակված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ճյուղը։
Ավելի վաղ էլ Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» ստեղծումն ավարտին հասցնելու իր մտադրության մասին՝ սահմանի 600 կիլոմետրանոց հատվածի նկատմամբ վերահսկողությունն սահմանելու նպատակով։