Իշխանափոխություն ՀՀ–ում կարող է լինել յուրաքանչյուր օր․ դա կախված է Փաշինյանին խաղացնող դրսի ուժերից. Աշոտյան (տեսանյութ)
Քաղաքական«Դժվար է կանխատեսում անել մի գործընթացի վերաբերյալ, որն ամբողջությամբ կախված է Ալիևի, Էրդողանի քմահաճույքներից, դրան հնազանդվելու կամ հպատակվելու Նիկոլի՝ այդ պահի ճկունությունից և պատրաստակամության աստիճանից»,-դատական նիստից հետո լրագրողներին ասաց տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Պատասխանելով հարցին՝ 2025-ին կարո՞ղ է Հայաստանում լինել իշխանափոխություն, նա պատասխանց. «Իշխանափոխություն Հայաստանում կարող է լինել յուրաքանչյուր օր։ Ցավոք սրտի, թե երբ կլինի, այս պահին կախված է ոչ այնքան հայ ժողովրդից , որը ոնց որ թե չի ուզում իր ձեռքը վերցնել իր ճակատագիրը, որքան Նիկոլ Փաշինյանին դրսից խաղացնող ուժերից»։
Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) զեկույցին և հարցին, թե ինչո՞ւ են սկսել նկատել Նիկոլ Փաշինյանի սխալները, Ա.Աշոտյանն ասաց. «Մի հավատացեք Արևմուտքի քարտերին, դրանց գույներին։ Արևմուտքը երկու ձեռքով է խաղում՝ հանրային դաշտում գովում է Նիկոլին, դուխ տալիս, շախի գցում ռուսների դեմ, իսկ տակից, փորձագիտական բոլոր մակարդակներում՝ ԱՄՆ պետդեպի, ԵԽԽՎ համազեկուցողների, Ֆրիդոմ Հաուսի զեկույցներ, գրում են, որ Նիկոլը քխ է, արտաքնապես ասում են՝ պուպուշ է, դա իրենց խաղի կանոնն է։ Ես չեմ համարում, որ դա դեղին քարտ է»։