Հայաստանն ու Հունգարիան տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
ՏնտեսությունԿառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և նորարարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և ջրային ռեսուրսների կառավարում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ։
Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում:
Համաձայնագրով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով: