Միացյալ նահանգները Սիրիայից դուրս է հանում իր դեսպանության ողջ կազմին
Աշխարհ
Միացյալ նահանգները կրճատում է Սիրիայում իր դեսպանության աշխատակիցների թվաքանակը։ Այս մասին հաղորդում է «Reuters»–ը՝ վկայակոչելով ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հունվարի 11–ի տարածած հաղորդագրությունը։
«Պետդեպարտամենտը որոշել է նվազեցնել Դամասկոսում ԱՄՆ-ի դեսպանատան անձնակազմի թվաքանակը և հրահանգել է շտապ դուրս գալ Սիրիայի տարածքից», - նշված է հայտարարության մեջ: Պետքարտուղարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիայում ԱՄՆ–ի դեսպանության աշխատակազմի թվաքանակի կրճատման արդյունքում, դեսպանությունն այժմ աշխատելու է միայն որոշակի ժամերին։
Սիրիայում ԱՄՆ–ի դեսպանության անձնակազմի կրճատումը ըստ պետքարտուղարության հաղորդագրության պայմանավորված է ամերիկացի դիվանագետների և նրանց ընտանիքների անվտանգության նկատաառումներից ելնելով, քանի որ Սիրիայում շարունակվող անկայուն քաղաքական իրավիճակը գնալով ավելի է խորանում։
2011 թ–ի ապրիլին ԱՄՆ պետքարտուղարության պահանջով Սիրիայից տարհանվել էին որոշ ամերիկացի դիվանագետներ և նրանց ընտանիքի անդամներ՝ Դամասկոսում թողնելով դեսպանության աշխատակազմի հիմնական մասը։ Իսկ 2011–ի հոկտեմբերին անվտանգության նկատառումներից ելնելով Դամասկոսից հետ էր կանչվել Սիրիայում ԱՄՆ–ի դեսպան Ռոբերտ Ֆորդը, սակայն դեկտեմբերի սկզբին վերադարձել էր Դամասկոս։
2011թ–ի մարտից, Սիրիայում սկսված զանգվածային հակակառավարական ցույցերի առիթով, Միացյալ նահանգները բազմիցս կոչ է արել նախագահ Բաշար ալ-Ասադին լքել նախագահի պաշտոնը, ոչ լեգիտիմ ճանապարհով նախագահ ընտրվելու պատճառով։
2011թ–ի նոյեմբերին Սիրիան ընդունեց Արաբական երկրների լիգայի առաջարկած «խաղաղության ծրագիրը» և դեկտեմբերի վերջին Արաբական լիգայի դիտորդական խմբերը մեկնեցին Սիրիա տեղում իրավիճակին ծանոթանալու և խնդրի կարգավորման ուղղությամբ մոնիտորինգ անցկացնելու նպատակով։ Միջազգային հանրությունը՝ մասնավորապես Չինաստանը, Ռուսաստանը եւ Միացյալ նահանգները բազմիցս կոչ են արել սիրիական իշխանություններին դիտորդական խմբերին տրամադրել բոլոր աշխատանքային պայմանները։
Սիրիայի ընդդիմությունն Արաբական լիգայի դիտորդական առաքելությանը մեղադրել է իրավիճակի ոչ ճիշտ գնահատական տալու համար։ Իսկ նախօրեին դիտորդական խմբերից մեկի ալժիրցի ներկայացուցիչը «ֆարս» է անվանել Արաբական լիգայի դիտորդական առաքելությունը։ Ալժիրցի դիտորդի նման հայտարարությունից անմիջապես հետո ևս մեկ դիտորդ հայտարարել է, որ պետք է անմիջապես դադարեցնել Արաբական լիգայի դիտորդական առաքելության աշխատանքները, որը, ինչպես նշում է «Reuters»–ը, կարող է անվստահություն առաջացնել դիտորդական առաքելության նկատմամբ, թե՛ երկրի ներսում, և թե՛ միջազգային հանրության շրջանում։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով 2011 թ–ի վերջին տաս ամիսների ընթացքում Սիրիայում հակառավարական ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի կողմից սպանվել է ավելի քան 5 հազ. մարդ։ Սիրիայի իշխանությունն, իր հերթին, անկարգությունները կազմակերպելու մեջ մեղադրում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին և արտաքին այլ ուժերին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ