Հայտնի է՝ ով է Լաս Վեգասում Դոնալդ Թրամփի հյուրանոցի մոտ Tesla Cybertruck պայթեցնողը
Համաշխարհային ՄամուլՏղամարդը, ով պայթեցրել է Tesla Cybertruck-ը Թրամփի՝ Լաս Վեգասում գտնվող հյուրանոցի մոտ, ամերիկացի ակտիվ զինվորական է, ով ծառայել է բանակի հատուկ ջոկատում: Այս մասին հայտնել են ոստիկանությունն ու զինվորականները, գրում է BBC-ն։
37-ամյա Մեթյու Լիվելսբերգերը հատուկ նշանակության հետախուզության սերժանտ է: Քննիչները մի քանի զուգահեռներ են գտել նրա կենսագրության և պաշտոնաթող զինվորական Շամսուդդին Ջաբբարի կենսագրության մեջ, ով Նոր տարվա գիշերը Նոր Օռլեանում սպանել է 14 մարդու, սակայն քննիչները տեղեկություն չունեն՝ Լիվելսբերգերն ու Ջաբբարը ճանաչո՞ւմ են արդյոք միմյանց։
Լաս Վեգասի շերիֆ Քևին Մաքմահիլը լրագրողներին ասել է, որ այրված Tesla Cybertruck-ում հայտնաբերվել են Լիվելսբերգերի զինվորականի վկայականը և անձնագիրը, ինչպես նաև նրա անունով մի քանի վարկային քարտեր, երկու ատրճանակ, iPhone և ժամացույց:
Շերիֆը հավելել է, որ դեռևս անհրաժեշտ է ԴՆԹ թեստ՝ վերջնական պաշտոնական նույնականացման համար, քանի որ Լիվելսբերգերի մարմինը անճանաչելիորեն այրվել է: Ճիշտ է, մնացորդների վրա առանձնանում են երկու դաջվածքներ՝ ճիշտ այնպիսիք, ինչպիսիք սերժանտ Լիվելսբերգերն ուներ։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, Լաս Վեգասում՝ Դոնալդ Թրամփի հյուրանոցի մոտ, Tesla Cybertruck է պայթել, ինչի հետևանքով՝ զոհվել է մեկ մարդ, ևս մի քանիսը վիրավորվել է։ Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտնել է, որ նման դեպք ընկերությունը երբևէ չի գրանցել, և պատահարն ամբողջությամբ կհետաքննվի։