Իրանի ԱԳՆ-ն հայտնել է` ինչ է ներառելու Ռուսաստանի հետ համաձայնագիրը
Համաշխարհային ՄամուլԻրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին հայտարարել է, որ Ռուսաստանի և Իսլամական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կներառի նաև պաշտպանության և անվտանգության հարցեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համաձայնագիրը տարբեր ասպեկտներ ունի»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով, համաձայնագրի կարևոր մաս են կազմում առևտրատնտեսական, էներգետիկայի, ինչպես նաև պաշտպանության ու անվտանգության հարցերը։
Նա ընդգծել է, որ նոր համաձայնագիրը կթարմացնի և կլրացնի 2001 թվականից գործող համաձայնագիրը։ Բաղաին հավելել է, որ վերջին տասնամյակների ընթացքում Մոսկվան և Թեհրանը զգալիորեն ընդլայնել են համագործակցության շրջանակները։
Դեկտեմբերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Իրանի միջև կնքված համաձայնագրում հատուկ ուշադրություն է դարձվելու անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում կողմերի համագործակցության հարցերին։