Չադում նախագահական պալատի վրա հարձակման հետևանքով՝ շուրջ 20 մարդ է զոհվել
Համաշխարհային ՄամուլՉադում 19 մարդ է զոհվել երկրի մայրաքաղաք Նջամենայում նախագահական պալատի վրա հարձակման հետևանքով։ Զոհերից 18-ը հարձակվողներն են, հայտնում է AFP-ը։
«24 հարձակվողներից 18-ը սպանվել է, 6-ը՝ վիրավորվել, իսկ մեր կողմից սպանվել է 1 և վիրավորվել 3 զինվոր, որոնցից 1-ի վիճակը ծանր է», - գործակալությանը ասել է արտգործնախարար Աբդերաման Քուլամալլան:
Al Arabiya-ն, հղում անելով իշխանություններին, հայտնում է, որ երկրում «ապակայունացման» փորձից հետո իրավիճակը վերահսկվում է։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ նախագահական նստավայրի մոտ կրակոցներ են լսվել, իսկ Նջամենայի փողոցներում տանկեր են նկատվել։ Նման տեղեկություն է հաղորդել նաև Reuters-ը:
Al Arabiya-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ հարձակման ժամանակ պալատում է եղել Չադի նախագահ Մահամաթ Իդրիս Դեբին, և որ հարձակմանը մասնակցել են իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները։