ԱՄՆ-ում բացահայտել են՝ ինչպես Թրամփի թիմը կարող է խափանել Ուկրաինայի հարցով բանակցությունները
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը կարող է խափանել խաղաղ բանակցությունները, եթե օգնություն տրամադրի Ուկրաինային: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Պենտագոնի նախկին խորհրդական, պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը։
Նա զգուշացրել է, որ Ռուսաստանը չի մասնակցի խաղաղ գործընթացին, եթե Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը շարունակի աջակցել Ուկրաինային։
Նախօրեին Թրամփի վարչակազմի Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը նշել էր, որ Թրամփը չի պատրաստվում զիջումների գնալ Պուտինին Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ Քելլոգն ընդգծել է, որ Թրամփի նպատակն է պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը։
Հունվարի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ վեց ամսվա ընթացքում։ Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ գիտի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների պատրաստակամության մասին, սակայն բանակցությունները հնարավոր է համարում միայն ԱՄՆ նախագահի պաշտոնում նրա պաշտոնական երդմնակալությունից հետո։