Կրեմլում արձագանքել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ կապված Ալիևի մեղադրանքներին
ԱշխարհԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ով Ռուսաստանին մեղադրել է «ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատմությունը» կոծկելու փորձի մեջ։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը երկու անգամ հեռախոսով զրուցել են, և Պուտինը ներողություն է խնդրել։
«Քննչական մարմիններին տրվել են անհրաժեշտ ցուցումներ, և ցուցաբերվում է անհրաժեշտ բոլոր օգնությունն ու համագործակցությունը վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։ <...> Ափսոսանքի խոսքեր են հնչել։ Սպասում ենք համապատասխան հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին... <...> մեր մասնագետները լիարժեք համագործակցություն են ապահովում»,- կիսվել է Պեսկովը։
Նա պարզաբանել է, որ ռուսական կողմը շահագրգռված է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման բացարձակ օբյեկտիվ և անաչառ հետաքննության մեջ։