Անգելա Մերկելին խորհուրդ են տվել լռել
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը պետք է ձեռնպահ մնա Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միության դաշինքի առաջարկած միգրացիոն կուրսը քննադատելուց, քանի որ հենց Մերկելի օրոք սկսվեց փախստականների ճգնաժամը։ Այս մասին հայտարարել է ՔԴՄ անդամ, Գերմանիայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Ռուպերտ Շոլցը, փոխանցում է Bild-ը։
«Մեծ երկընտրանքը, որում այժմ հայտնվել է ՔԴՄ-ն, և որը Ֆրիդրիխ Մերցը փորձում է շտկել, ստեղծվել է ֆրաու Մերկելի կողմից տասը տարի առաջ փախստականների ճգնաժամի ժամանակ՝ խախտելով ինչպես գերմանական, այնպես էլ եվրոպական օրենսդրությունը»,- ընդգծել է նախկին նախարարը։
Պաշտպանության նախարարության նախկին ղեկավարի խոսքով՝ Մերկելը «պետք է ձեռնպահ մնա մեկնաբանություններից, երբ սեփական կուսակցությունը փորձում է շտկել այս ամենը»։
Ավելի վաղ Մերկելը սուր քննադատության էր ենթարկել իր կուսակից, Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միության դաշինքից Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցին միգրացիոն քաղաքականության խստացման վերաբերյալ բանաձևի քվեարկության համար։
Բունդեսթագը քվեարկել է Գերմանիայում մշտական սահմանային հսկողություն սահմանելու օգտին։ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի այս նախաձեռնությունն առաջ է քաշել Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) ընդդիմադիր դաշինքը։
