Կանադայում ընդունել են, որ ԱՄՆ-ը կարող է բռնակցել երկիրը
Համաշխարհային Մամուլ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «կատակ չի համարում» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկիրը Միացյալ Նահանգների կազմի մեջ մտցնելու մասին հայտարարությունները և լրջորեն դիտարկում է դրա բռնակցման հնարավորությունը։ Այս մասին գրում է ամերիկյան The New York Times թերթը։
«Թրյուդոն հասկացնել է տվել, որ Թրամփի հայտարարությունները կատակ չի համարում և կարծում է, որ Կանադան պետք է անեքսիան դիտարկի՝ որպես լուրջ սպառնալիք»,- գրում է թերթը։
Տորոնտոյում գլխավոր տնօրենների և բիզնեսի առաջնորդների հավաքի ժամանակ Թրյուդոն ասել է, որ Կանադայի բնական ռեսուրսներն են, որ գրավում են Միացյալ Նահանգներին և դրդում նախագահ Դոնալդ Թրամփին խոսել ԱՄՆ-ին միանալու մասին:
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Կանադան և Գրենլանդիան պետք է դառնան ԱՄՆ-ի մաս։ Նա նաև ասել է, որ մտադիր է Պանամայի ջրանցքը վերադարձնել ԱՄՆ-ի վերահսկողությանը:
Հանրապետականի հայտարարություններն արժանացել են Պանամայի, Կանադայի և Դանիայի իշխանությունների սուր արձագանքին։
