ՀՀ և ԱՄԷ վարորդական վկայականները փոխադարձ կճանաչվեն երկու երկրների կողմից
Հայաստան
Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից մեկով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն առաջարկելու է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը։
Նախագծում նշված է, որ հուշագրի Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս Կողմի կողմից այն քաղաքացիներին տրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրի 2-րդ հոդվածում ներկայացված աղյուսակում նախատեսված՝ վարորդական վկայականների տարբեր կարգերի կապակցությամբ մյուս կողմի սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները։
Իսկ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում Հուշագրի յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից։
