ԱՄՆ-ի և Բելառուսի միջև մեծ գործարք է սպասվում․ NYT
Համաշխարհային Մամուլ
Վաշինգտոնի և Մինսկի միջև «վիթխարի գործարք» է ծրագրվում, որով Բելառուսը կազատի «շատ քաղբանտարկյալների», իսկ Միացյալ Նահանգները կթեթևացնի պատժամիջոցները երկրի դեմ, փետրվարի 13-ին Վիլնյուսում արևմտյան դիվանագետների հանդիպման ժամանակ ասել է պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Սմիթը, հաղորդում է ՌԲԿ–ն՝ NYT-ին հղումով։
Սմիթը Վիլնյուս է ժամանել Բելառուսից, որտեղ փետրվարի 12-ին հանդիպել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Սա Բելառուսի նախագահի և Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին հանդիպումն է վերջին հինգ տարում և կարող է դառնալ երկու երկրների հարաբերություններում «զգալի ջերմացման» սկիզբ, նշում է թերթը։
Սմիթը հանդիպել է Լուկաշենկոյի հետ, այնուհետև մեկնել Վիլնյուս ԱՄՆ քաղաքացու և երկու բելառուս «քաղբանտարկյալների» հետ, որոնք ազատ են արձակվել Մինսկի կողմից, գրում է NYT-ը։ Ելույթ ունենալով Լիտվայում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ դիվանագետը ողջունել է «հատուկ գործողության» հաջող ավարտը՝ բանտարկյալների ազատ արձակումն անվանելով «հսկայական հաղթանակ և արձագանք նախագահ [Դոնալդ] Թրամփի «Խաղաղություն ուժի միջոցով» կարգախոսին»։
