Տարեց ամերիկացի միլիարդերին բանտարկել են կամուրջը չվերանորոգելու համար
ԱՄՆ
ԱՄՆ–ի դատարանը ազատազրկման է դատապարտել 84-ամյա ամերիկացի միլիարդատեր Մանուել Մորուային և նրա օգնական Դեն Սթամփերին դատարանի որոշումը չկատարելու համար։ Ինչպես հաղորդում է «Los Angeles Times»–ը` գործարարները չեն հարգել դատարանի որոշումը, որը վերաբերում էր Դեթրոյթում գտնվող «Ամբասադոր» կամուրջի վերանորոգման աշխատաքները ավարտին հասցնելուն։
«Detroit International Bridge» ընկերության սեփականատիրոջ և գլխավոր գործադիր տնօրենի բանտարկության ժամկետը չի հրապարակվել։ Ինչպես նշում է «The Los Angeles Times»-ը` Մորուայի և Սթամփերի դատապաշտպաններն արդեն բողոքարկել են դատարանի կայացրած որոշումը և հույս են հայտնել, որ այն դատարանի կողմից կբավարարվի։
Միչիգան նահանգի տրանսպորտի գործակալությունը թերթին հայտնել է, որ իրենց չի հետաքրքրում կապալառուի բանտարկությունը և անհամբեր սպասում են կամուրջի վերանորգման ավարտին։
Միչիգանի նահանգային իշխանությունները պայմանագիր են կնքել Մորուային պատկանող ընկերության հետ, ըստ որի՝ նրա շինարարական ընկերությունը 2004 թ–ից պարտավորվել էր ԱՄՆ–ից և Կանադայից Դեթրոյթ մուտք գործող երկու նոր շրջանցող ճանապարհներ կառուցել, որպեսզի քաղաքը բեռնատար մեքենաների երթևեկության ծանրաբեռնվածությունից թեթևանա։ Կնքված պայմանագիրը արժեցել էր 230 մլն. դոլար։
2009 թ-ին նահանգային իշխանությունները Մորուային դատի են տվել՝ մեղադրելով նրան պատկանող «Detroit International Bridge» ընկերությանը, որ շինարարական աշխատանքները չեն համապատասխանում նախագծին, որից հետո 2010 թ–ին դատարանը պահանջել էր Մորուային վերանայել կատարած շինարական աշխատանքները և վերացնել թերությունները։
Ըստ դատավոր Փրենթիս Էդվարդսի՝ Մորուայի շինարարական ընկերությունը երկու տարի ժամանակ է ունեցել դատարանի պահանջ կատարելու համար, սակայն ամերիկացի միլիարդատերը անտեսել է դատարանի որոշումը։ Ինչպես նշում է «The Los Angeles Times»–ը՝ սովորաբար Միչիգանի օրենքների համաձայն՝ դատարանի որոշումը չկատարելու համար տուգանք են վճարում, սակայն այս դեպքում դատավորը գտել է, որ տուգանքի չափը անհրաժեշտ ազդեցություն չի ունենա միլիարդատիրոջ վրա։
«Ամբասադոր» կամուրջը շահագործվել է 1929 թ–ին և ըստ նույն աղբյուրի՝ այն մինչեւ 1931 թվականը իր
բարձրությամբ համարվել է աշխարհի ամենաբարձր թռիչք ունեցող կամուրջը (2286մ.)։ Դեթրյոթ գետի վրայով անցնող կամուրջը համարվում է ԱՄՆ–ի և Կանադայի սահմանի միջև ամենածանրաբեռնաված կամուրջը։ «Ամբասադոր» կամուրջը երկու երկրների միջև համարվում է խոշորածավալ բեռնափոխադրումների ամենակարճ ցամաքային ճանապարհը։ Կամուրջի վրայով կատարվող բեռնափոխադրումների օրական շրջանառությունը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դոլար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)