Ալբանիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը
Արտաքին Քաղաքական
Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։
Ալբանիայի ԱԳ նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է նախարարության X-ի միկրոբլոգում։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Հակամարտության շուրջ երկխոսության այս համարձակ հանձնառությունը ճանապարհ է հարթում կայունության, համագործակցության և ընդհանուր բարգավաճման համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։
