ՌԴ ՊՆ բարձրաստիճան գեներալը զոհվել է Մերձմոսկվայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով
Ռուսաստան
Ապրիլի 25-ի առավոտյան Մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքում բնակելի շենքի մոտ ավտոմեքենա է պայթել: Պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը, հայտնում են RBC-ն:
Ըստ տվյալների՝ Նեստերովի բուլվարի 2-րդ տան մոտ կայանված ավտոմեքենան պայթել է այն պահին, երբ զինվորականն անցնում էր նրա կողքով։ Մեքենայի ներսում տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռակա կարգով:
Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասել է մոտակայքում գտնվող տան մի քանի հարկերի պատուհանները։ Քննչական կոմիտեում հաստատել են Մոսկալիկի մահը և հայտնել սպանության և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին:
